Ժամանակակից ավտոմեքենաները հագեցած են էլեկտրական սարքավորումներով, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում ստուգել դրանց աշխատանքը համակարգչի և հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք ընդունակ են արագ հայտնաբերել առկա անսարքությունները: Այժմ պատմենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային դիագնոստիկան և ինչի՞ համար է այն պետք:
Ի՞նչ է համակարգչային դիագնոստիկան
Ավտոմոբիլի համակարգչային դիագնոստիկան մի գործընթաց է, որի ժամանակ կատարվում է հիմնական հանգույցներում անսարքությունների կոդերի ընթերցում, այդ կոդերի ջնջում և դրանց հետագա շտկում: Այդ նպատակով կիրառվում է դիլերային սկաներներ, մոտոր-թեստեր, ինչպես նաև այլ սարքեր: Դրանց թվին են դասվում OEM, բազմաֆունկցիոնալ ստենդները, պորտատիվ րիդերները: Ժամանակակից ախտորոշիչ սարքավորումները և դրանց ծրագրային ապահովումը թույլ են տալիս գտնել և կանխել ամենաաննշան փոփոխությունները շարժիչի կամ տրանսմիսիայի կառավարման համակարգում, սարքերի վահանակում և այլ էլեկտրոնային սարքերում:
Մենք առաջարկում ենք
Ձեր մեքենայի բոլոր էլեկտրական խնդիրների ախտորոշում
Բոլոր ընթացիկ տվյալները ցուցադրվում են միափող մուլտիմետրի վրա, ընդ որում` իրական ժամանակի ռեժիմում: Միաժամանակ կարելի է հետևել պարամետրերի մինչև 4 գրաֆիկների, ընտրելով պատկերման առավել հարմար տեսքը: Դիագնոստիկայի ժամանակակից համակարգերը թույլ են տալիս կատարել նաև պարամետրերի վերակոդավորում, որն իրականացվում է ավտոմեքենայի հզորության պարամետրերի բարձրացման` չիպ-թյունինգի, նպատակով:
Օրինակ, կատարվում է կառավարման բլոկի վերակարգաբերում` այն ավտոմեքենայի կոմպլեկտացիային համապատասխան օպտիմալացնելու համար: Գործընթացը ներառում է պարապ ընթացքի պտույտների կամ վառելիքի համակարգի կարգավորման ճշգրտում: Իսկ լրացուցիչ պլագիններ ներբեռնելով կարելի է վերածրագրավորել էլեկտրոնիկան տվյալ գծի նոր մոդելների ինտերֆեյսին համապատասխան, ընդ որում, այնպիսինների, որոնք հենց նոր են դուրս գալիս հոսքագծից: Համակարգը ավտոմատ կերպով նույնականացնում է տարբերությունները, և այլևս կարիք չկա ձեռքով կարգավորել նախնական և վերջնական պարամետրերը:
Որպես կանոն, մեքենայի համակարգչային ստուգումը կատարվում է երբ սարքերի վահանակի վրա առկա է տեղեկատվություն անսարքությունների վերաբերյալ (վառվում են սխալների պիկտոգրամները): Այլ դեպքերում, երբ ավտոսիրողն ինքն է անճշտություններ հայտնաբերում այս կամ այն հանգույցների/համակարգերի աշխատանքում, կարիք է առաջանում հավաստիանալ, արդյո՞ք մեքենայի վազքը «հետ տված» է (որոշակի վազքով ավտոմեքենա գնելուց առաջ), ի՞նչ վիճակում է գտնվում ավտոմեքենան: Կամ կարելի է համակարգչային դիագնոստիկա անցկացնել, ինչպես մասնագետներն են խորհուրդ տալիս, տարին մեկ անգամ:
Համակարգչային դիագնոստիկան ավտոմեքենայի էլեկտրոնային համակարգերի մանրազննին ստուգման արդյունավետ եղանակ է, որի նպատակը անսարքությունների բացահայտումն է և կանխարգելումը: Դրա շնորհիվ հաջողվում է ճշմարտացի տեղեկատվություն ստանալ ավտոմեքենայի կառավարման բլոկների, դետալների և հանգույցների ընթացիկ վիճակի մասին:
Ինչպե՞ս է իրականացվում
Հատուկ ախտորոշիչ միակցիչի օգնությամբ ավտոմեքենայի իրանի համակարգերին է միացվում բարդ սկաները` լուրջ ծրագրային ապահովմամբ, որը կարդում է ավտոմեքենայի կողմից հեռարձակվող բոլոր կոդերը: Ստացված կոդերը հատուկ ծրագրերի օգնությամբ վերծանվում են մասնագետների կողմից: Ստացված տեղեկատվության հիման վրա եզրակացություն է արվում այս կամ այն խափանումների կամ անսարքությունների վերաբերյալ:
Համակարգչային ախտորոշումը կարելի է բաժանել մի քանի գործառնությունների`
Շարժիչի և դրա էլեկտրոնային համակարգերի ստուգում: Կատարվում է, եթե սկսել եք նկատել, որ շարժիչը երկար է տաքանում, մեծացել է վառելիքի ծախսը, շարժիչը անկայուն է աշխատում կամ դժվար է գործի գցվում, կորցրել է հզորությունը, լսվում են կողմնակի աղմուկներ, պարապ ընթացքի պտույտները ցածրացել/բարձրացել են: Անհրաժեշտ է նաև, եթե սարքերի վահանակի վրա վառվում է Check Engine սխալի ազդանշանը: Աշխատանքի ընթացքում ստուգվում է` վառելիքի ներմղման համակարգը (կա՞ն արդյոք էլեկտրոնային տվիչների սխալներ); էլեկտրիկան; չափվում է կոմպրեսիան:
Ավտոմատ փոխանցման տուփի ստուգում: Պետք է ստուգել, եթե փոխանցումներից մեկը չի միանում, փոխանցումները միանալիս կան զգալի ցնցումներ, աղմուկներ կամ տեղապտույտ, ավելացել է վառելիքի ծախսը, դիտվում է յուղի արտահոսք: Ախտորոշման ժամանակ կարդացվում են ավտոմատ փոխանցման տուփի կառավարման բլոկի սխալների կոդերը, գնահատվում են բանվորական հեղուկի ջերմաստիճանի տվիչի և դրոսելային փականի դիրքի ցուցմունքները, ինչպես նաև փոխանցման տուփի սելեկտորի դիրքը:
Կախոցի ստուգում: Անհրաժեշտ է, եթե առկա են անիվների ռետինի անհավասարաչափ մաշվածք, հարվածներ/աղմուկ կտրուկ շրջադարձերի կամ հաստատուն արագությամբ ընթացքի ժամանակ, անհարթ ճանապարհին: Ինչպես նաև, եթե դիտվում է հետին կամ առջևի առանցքի սահք կտրուկ շրջադարձերի ժամանակ, ժամանակից շուտ աշխատում է ABS կամ դիտվում է ղեկանիվի ազատ ընթացքի մեծացում:
Եթե համակարգչային դիագնոստիկան համեմատենք ավանդականի հետ, ապա առաջինը կարող է դիտվել որպես ախտորոշիչ տեխնոլոգիայի գագաթ: Այն թույլ է տալիս հայտնաբերել գործնականում բոլոր անսարքությունները և ժամանակի մեծ ծախսեր չի պահանջում:




